Աֆղանստանում ամերիկյան զորքերի զորակազմը կկրճատվի, սակայն այդ երկրում դեռ երկար կմնա։ Այդ ծրագրերը հաստատել է ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը Նյուփորթ քաղաքում (Ռոդ Այլենդ նահանգ) ամերիկացի ռազմածովայինների հետ հանդիպմանը՝ փոխանցում է TASS գործակալությունը։
«Մեր ծրագրերն Աֆղանստանում նախատեսում են զորքերի ընդհանուր թվաքանակի կրճատում, սակայն մենք այնտեղ երկար կմնանք»,- ընդգծել է Պենտագոնի ղեկավարը։
Նա վստահեցրել է, որ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի իր դաշնակիցները կշարունակեն ֆինանսավորել Աֆղանստանում անվտանգության ուժերին։ «Մենք ունենք ֆինանսական միջոցներ, որոնք կշարունակենք տրամադրել նրանց։ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցները հասկացնել են տվել, որ իրենք նույնպես պատրաստվում են շարունակել ֆինանսավորել աֆղանական անվտանգության ուժերը։ Սա ավելի կարևոր հարց է»,- ասել է Քարթերը՝ հավելելով, որ իրենք Աֆղանստանում կմնան՝ աջակցելու անվտանգության ուժերին և անցկացնելու հակաահաբեկչական գործողություններ։