ԵՄ անդամ երկրների կեսը շարունակում է զենք և զինամթերք արտահանել Եգիպտոս՝ չնայած էմբարգոյին, որը ԵՄ-ն սահմանել էր 2013 թվականին։ Այս մասին հայտնում է Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Կազմակերպության տվյալներով՝ ԵՄ 28 երկրներից 13-ը, այդ թվում՝ Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Իտալիան, միայն 2014 թվականին Եգիպտոս են մատակարարել 6 մլրդ եվրոյի զինվորական և ոստիկանական սարքավորումներ։ Զենքի ու զինամթերքից բացի՝ Եգիպտոսին վաճառվել են նաև զրահամեքենաներ, ռազմական ուղղաթիռներ և գաղտնալսման սարքեր։
Հիշեցնենք, որ 2013 թվականի օգոստոսին ԵՄ խորհուրդը արտգործնախարարների մակարդակով որոշել էր ժամանակավոր էմբարգո սահմանել Եգիպտոս զենքի ու ոստիկանական հատուկ տեխնիկայի մատակարարումների վրա, որոնք կարող էին կիրառվել ներքին ճնշումների համար։