Դեղերի մասին նոր օրենքը նախատեսում է դեղերի ստեղծման, պահպանման, շրջանառության, դուրս գրման, որակի վերահսկողության, գների կանոնակարգման վերաբերյալ լրջագույն փոփոխություններ, այս մասին նախորդ շաբաթ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի դիտարկմամբ «Դեղերի մասին օրենք»-ում փոփոխություններ կատարելիս դեղերի մանրածախ վաճառքով և ներմուծմամբ զբաղվող ընկերությունների ձայնը չի լսվել, հաշվի չեն առնվել նրանց առաջարկները և ևս մեկ անգամ մայր օրենքով ամրագրվում է մոնոպոլ տնտեսությունների շահերի պաշտպանությունը և նրանց համար ավելի բարենպաստ հնարավորություն է ստեղծվում:
Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը ևս ընդգծում է՝ «Դեղերի մասին օրենք»-ում փոփոխությունները ենթադրում են շուկայի մոնոպոլիզացում:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն նկատում է՝ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ ԱԺ քննարկումները ևս մեկ անգամ եկան ապացուցելու, որ սպառողներն անտեսված են: