Անհրաժեշտ է ԵՄ-ի հետ Ասոցացման մասին բանակցություններ սկսել Հայաստանի և Ադրբեջանի հետ: Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Լատվիայի արտգործնախարար Էդգար Ռինկևիչը:
Հայտարարության մեջ մասնավորապես նշված է, որ ԵՄ-ն պետք է ազատ առևտրի ու վիզաների չեղյալ հայտարարման մասին համաձայնագրեր ստորագրի «Արևելյան գործընկերության» երկրների հետ:
Նա ԵՄ-ին կոչ է արել Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցել տրանսպորտի, տարանցիկ փոխադրումների, էներգետիկայի, առողջապահության ու ՏՏ տեխնոլոգիաների ոլորտում:
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի դիտարկմամբ՝ ԵՄ-ն 2013 թվականի սեպտեմբերի 3-ից հետո, երբ Հայաստանը հրաժարվեց ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, վերանայել է իր մոտեցումները:
Սաֆարյանը, սակայն, լավատես չէ ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների առումով: Նրա դիտարկմամբ՝ Ադրբեջանի ավտորիտար ղեկավարությանը ձեռնտու չէ հայտնվել մի համակարգում, որտեղ գործում են ժողովրդավարական սկզբունքները, և որոնք առաջին հերթին կսահմանափակեն իրենց իշխանությունը:
Եթե Ադրբեջանը գնա դեպի համաձայնագրի ստորագրման գործընթաց, ապա պարտավորվում է ստանձնել որոշակի պարտավորություններ, միևնույն ժամանակ ԵՄ-ից ունենալով որոշակի ակնկալիքներ՝ թե՛ տնտեսական և թե՛ քաղաքական:
Ադրբեջանի կողմից Ասոցացման համաձայնագրի ստորագրումը ենթադրում է այդ երկրում ժողովրդավարական կարգերի հաստատման, ինչն իր հերթին կհեշտացնի ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունների գործընթացը, սակայն քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի դիտարկմամբ՝ ԵՄ-ն այսօր բավարար լծակներ չունի Ադրբեջանին գրավելու, առավել ևս նրա վրա ազդելու համար: