Այսօր հանրապետության ողջ տարածքում եղանակը տհաճ անակնկալ մատուցեց: Առատ անձրևի ու քամու ուժգնացման պատճառով քաղաքում ավերածություններ եղան: Արարատյան 90 հասցեում գտնվող նախկին տեխնիկումի շենքի 4-րդ հարկը փլուզվել է, Աջափնյակում կտրվել են հոսանքալարեր, պոկվել են տանիքներ, վնասվել տարածքում կայանած մեքենաները, քաղաքի այլ հատվածներում ծառեր են կոտրվել:
15-16-ն ընկած ժամանակահատվածում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական կազմն արտակարգ ռեժիմով է աշխատել: ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը վստահեցնում է՝ եղանակի փոփոխությունը կանխատեսվել էր օրեր առաջ:
Առաջիկա հինգ օրերին եղանակային վայրիվերումները կրկնվելու են, զգուշացնում է ԱԻՆ-ը:
Մայիսի վերջին և հունիսի առաջին տասնօրյակները Հայաստանում եղանակն այսպիսինն է, հավելում է Գագիկ Սուրենյանը:
ԱԻՆ-ը տեղեկացնում է՝ տեղումների և քամու հետևանքով ավերածությունների ու փլուզումների դեպքում անհապաղ զանգահարել 911: Եղանակային նման պայմաններում խորհուրդ է տրվում մնալ փակ տարածությունում: