Կնվազի՞ արդյոք էլեկտրաէներգիայի գինը՝ կախված գազի գնի նվազեցումից, և որքա՞ն: Տնտեսագետ Արտակ Մանուկյանը պարզաբանում է, որ հոսանքի կամ գազի օպտիմալ գին սահմանելուց առաջ պետք է հաշվի առնել, թե միջին ամսական աշխատավարձով սպառողը որքան կիլովատտ ժամ էլեկտրաէներգիա կամ խորանարդ մետր գազ կարող է սպառել:
Տնտեսագետը նկատում է, որ Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը գոյանում է ոչ թե հիմնվելով սպառողների սոցիալական վիճակի, այլ հենց ՀԷՑ-ի ներկայացրած ծախսերի վրա, որոնք չեն վերահսկվում հանրային ծառայությունները կարգավորող մարմնի կողմից:
«Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանը այս պահին գլխավոր խնդիրներից մեկն է համարում այն, թե որքան պետք է նվազի էլեկտրաէներգիայի սակագինը, որպեսզի այն բավարարի և՛ շարքային սպառողներին, և՛ տնտեսվարողներին:
Սաֆարյանի դիտարկմամբ՝ այս պահին շրջանառվող 5,6 կամ 7 դրամը չպետք է դառնա քննարկման առարկա, դրանք մոտավոր թվեր են, որոնք դեռ պետք է հաստատվեն քննարկումների ու հետազոտությունների արդյունքում: