Երևանի Նուբարաշենի և Շահումյանի աղբավայրերը կոնսերվացվելու են, իսկ Նուբարաշենի հարակից տարածքում կառուցվելու է նոր աղբավայր: Ծրագիրը գնահատվել է 24 միլիոն եվրո, 8 միլիոնը հատկացվելու է դրամաշնորհով: Եվրոպական ներդրումային բանկն ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը 16 միլիոն եվրոն տրամադրելու են վարկով։
Ծրագրի իրականացման ընթացքը բացատրում է քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը։ Կառուցվելու է հողային շերտից առանձնացված 30 հեկտար տարածքով աղբավայր, որն ունենալու է հոսքաջրերի հավաքման կայան, գազերի հավաքման համակարգ, բնապահպանական չափանիշները ստուգող ու պահպանող լաբորատորիա:
Ծրագիրն ավարտին հասցնելու վերջնաժամկետը 5 տարի է, մրցույթի մեկնարկը՝ ապրիլին։ Արդյունքներն ամփոփվելու են օգոստոսին։ Ծրագիրն իրականացվելու է փուլ առ փուլ։
Նախագիծն այսօր քննարկվել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում։ Ծրագրի մանրամասները պատգամավորներին է ներկայացրել քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը։
Աղբանոցի վերջին փուլը վերամշակող գործարանների կառուցումն է: Կամո Արեյանի խոսքով՝ աղբի վերամշակման գործարանը 2 տարի շահագործելու է կառուցող գերմանական ընկերությունը, այնուհետև փոխանցվելու է համայնքային կազմակերպությանը։ Վարկի սպասարկման ու մարման ծախսը վճարվելու է վերամշակման գործարանի շահույթով:
Պատգամավորները ծրագրի մեկնարկը անպատեհ են համարում. սահմանային լարվածությունը ստիպում է պետբյուջեի ֆինանսական հոսքն ուղղել ռազմավարական նշանակության ծրագրերի կյանքի կոչմանը։
Չնայած սահմանային լարված իրավիճակին՝ բնապահպան Կարինե Դանիելյանը պնդում է, որ Երևանի աղբավայրի խնդրի վերջնական լուծումը ոչ պակաս կարևոր մարտահրավեր է։
Կարինե Դանիելյանի բնորոշմամբ՝ Նուբարաշենի աղբավայրը մայրաքաղաքի համար բնապահպանական աղետի ռումբ է։ էկոլոգիական չափորոշիչներից զուրկ աղբավայրն արդեն իսկ իր սև գործն արել է՝ վնասելով հողային ու ջրային շերտը։