Չիլիի մայրաքաղաքում դպրոցականների բողոքի ակցիան ավարտվել է անկարգություններով: Այս մասին հայտնում է չիլիական 24 horas հեռուստաալիքը:
Կազմակերպիչների տվյալներով՝ ցույցին մասնակցել է 10 հազար մարդ: Ցուցարարները պահանջել են իրականացնել կրթական համակարգի մասշտաբային բարեփոխում և բարձրացնել միջնակարգ ու բարձրագույն կրթության որակը:
Խաղաղ ցույցը վերածվել է ոստիկանության հետ բախման, երբ ցուցարարների խումբն ուղղվել է դեպի կրթության նախարարություն՝ խախտելով համաձայնեցված երթուղին: Շարժվող մասնակիցներին կանգնեցնելու համար իրավապահները կիրառել են ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ: Առայժմ ձերբակալվածների մասին տեղեկություն չկա:
2015թ. դեկտեմբերին Չիլիի խորհրդարանը ընդունել է օրենք անվճար բարձրագույն կրթության մասին, որը սկսել է գործել այս ուսումնական տարվանից՝ մարտից: Սակայն Չիլիի համալսարանի Ուսանողների ֆեդերացիայի տվյալներով՝ անվճար կրթության հասանելիություն ստացել է ուսանողների միայն 14%-ը: