«Զինվորի ոգին բարձր պահելու համար պետք է տաս նրան հնարավորություն պատժելու, այսքան զոհով մենք պետք է առնվազն պորտալ մտած լինեինք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀԽ պատգամավոր, ազատամարտիկ Պավել Մանուկյանը՝ հավելելով, որ եթե մենք նախահարձակ լինեինք, ռազմավարական նշանակություն ունեցող հենակետեր չէինք կորցնի. «Մինչդեռ ունենք կավե գլուխ գեներալներ, որոնք նախահարձակ բառը նույնիսկ չեն կարողանում վերլուծել, երբևիցե պատմության մեջ մենք այսքան նզովյալ զորավարներ չենք ունեցել»,- շեշտեց նա: Ազատամարտիկի դիտարկմամբ՝ իշխանությունները ամուլ են, կենսունակ չեն, շատ են հեռացել ժողովրդից. «Քսան տարիների ընթացքում տեսել ենք ինչպես են թալանել, չի կարելի անառականոցում կույս փնտրել»,- նշեց նա:
Պավել Մանուկյանը բարձր գնահատեց սահմանում կանգնած զինվորների ոգին. «Մեր զինվորները ապացուցեցին, որ մեզ գերազանցում են, այն էլ այս պայմաններում անհասկանալի էս գաղջ մթնոլորտում և նման հայրենապաշտությամբ մեր արծվի ճտերը ապացուցեցին, որ մեզնից հզոր են, և մենք լինելու ենք ոչ միայն նրանց կողքին, այլև նրանց առջև, մենք գնալու ենք և պատժելու իրավունքը տալու ենք զինվորին»,- նկատեց ազատամարտիկը: