«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության փոխանցմամբ՝ ադրբեջանցի լրագրողուհի Խադիջա Իսմայիլովան, որը ազատազրկման մեջ է, ստանալու է ԶԼՄ-ների ոլորտում ՄԱԿ-ի մրցանակ՝ բարդ պայմաններում մամուլի ազատության մեջ ներդրում ունենալու համար:
Հետաքննող-լրագրողուհի Խադիջա Իսմայիլովան նախորդ ամիս էլ դարձել էր UNESCO-ի մրցանակակիր՝ մամուլի ազատության գործում ունեցած ներդրման համար: Ամենամյա այդ մրցանակի հանձնման արարողությունը տեղի է ունենալու այսօր Ֆինլանդիայում: UNESCO-ի դրամական պարգևը կազմում է 25.000 դոլար: Մրցանակը կրում է կոլումբացի լրագրող Գիլերմո Կանոյի անունը, որը 1986 թվականին սպանվել է Բոգոտայում՝ իր գլխավորած El Espactador թերթի խմբագրատան հարևանությամբ:
Խադիջա Իսմայիլովան Ադրբեջանում կալանավորվել է 2014 թվականի դեկտեմբերի 5-ին, իսկ 2015 թվականի սեպտեմբերին նրան դատապարտել են 7.5 տարվա ազատազրկման՝ «տնտեսական մի շարք հանցանքների համար»: