Մոտ 45 երկրների առաջնորդներ պատրաստ են մասնակցելու մայիսի 23-24-ը Ստամբուլում կայանալիք Միջազգային հումանիտար գագաթնաժողովին: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Սթիվեն Օ՛Բրայենը՝ հրաժարվելով հրապարակել այդ երկրների անունները, գրում է RIA Novosti-ն:
Օ՛Բրայենի խոսքերով՝ առաջին հումանիտար գագաթնաժողովից երեք շաբաթ առաջ մոտ 80 երկրներ հայտարարել են իրենց ներկայացուցիչներին Ստամբուլ ուղարկելու մտադրության մասին, նրանցից 45-ը կներկայանան պետության կամ կառավարության ղեկավարների մակարդակով: Նա նաև նշել է, որ սպասվում է ընդհանուր առմամբ մոտ 6 հազար մասնակիցների ժամանում:
Օ՛Բրայենը ընդգծել է, որ գագաթնաժողովի նպատակը, ի տարբերություն այլ կոնֆերանսների, միջոցների հավաքագրումը չէ: «Առաջին հերթին մենք հակված ենք նրան, որ համոզվենք գործողությունների հանդեպ պարտավորությունների առկայության մեջ»,- ասել է նա՝ նշելով, որ կողջունվեն նաև ցանկացած ձևով ներդրումները: