Ապրիլի 22-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանների եւ լրագրողների հետ կապված միջադեպի առնչությամբ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով նշանակված ծառայողական քննության արդյունքները հայտնի են:
Մեր հարցին ի պատասխան ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն ասաց, որ ծառայողական քննության արդյուքներով ոստիկանության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի հրամանատարի տեղակալը, դասակի հրամանատարն ու մեկ շարքային ոստիկան ստացել են նկատողություն:
Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին ոստիկանները ուժ գործադրելով Բաղրամյան պողոտայից բերման են ենթարկել լրագրողների եւ օպերատորների: Այն դեպքում, երբ վերջիններս նշում էին, որ իրենք լրագրողներ են: Մասնավորապես՝ բերման են ենթարկել Առաջին լրատվականի օպերատորներին, որոնք ըստ խմբագիր Արման Բաբաջանյանի՝ ծեծի են ենթարկվել: