Ավարտվել է հայաստանյան բուհերի 17-րդ ուսանողական մարզական խաղերի ծրագրով նախատեսված վոլեյբոլի տղաների առաջնությունը, որը մեկնարկել էր ապրիլի 25-ից: Ուսանողական առաջնությանը մասնակցում էին 10 բուհերի թիմեր՝ բոլորն էլ մայրաքաղաք Երևանից:
3-րդ տեղի համար պայքարում մրցում էին ԵՊՀ և «Պոլիտեխնիկ» ուսանողական թիմերը: ԵՊՀ-ականները կարողացել են հաղթել մրցակցին 2:0 հաշվով: Ուսանողական մարզական խաղերի ծրագրով նախատեսված վոլեյբոլի տղաների առաջնության չեմպիոնի կոչման համար նախատեսված մրցավեճում հանդիպել էին ՖԿՀՊԻ և ՀՊՏՀ թիմերը: ՖԿՀՊԻ թիմը 2:0 հաշվով առավելության է հասել ՀՊՏՀ-ի նկատմամբ:
Առաջնության ավարտին մրցանակային տեղեր գրաված թիմերը Հայաստանի ուսանողական ֆեդերացիայի կողմից պարգևատրվել են պատվոգրերով, մեդալներով և գավաթով: Գալիք աշնանը ուսանողական մարզական խաղերի շրջանակներում համալսարանական թիմերը մասնակցելու են նաև վոլեյբոլի ուսանողական գավաթի խաղարկությանը: