Երեկ Հալեպի մի շարք շրջաններ տևական ժամանակ հրթիռակոծվել են ահաբեկչական խմբավորումների կողմից:
Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձած տվյալներով՝ 43 մարդ վնասվածքներ է ստացել, 6-ը զոհվել են: Վիրավորների թվում կա երկու հայ կին` մայր և դուստր։ Նրանց կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում:
Ավելի քան 15 հրթիռ է արձակվել Սուլեյմանիե շրջանի ուղղությամբ, որտեղից շտապօգնության աշխատակիցները վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց:
Հրթիռակոծվել են նաև Մոկամպո, Խելտիե, Ազիզիե, Սեյիտ Ալի, Ճապրիե, Նոր գյուղ, Թելեֆոն Հաուաի, Թըպ ալ Արապի շրջանները, հանրային այգու շրջակայքն ու Նեյել պողոտան:
Հալեպի Հայ ավետարանական համայնքի համայնքապետ, վերապատվելի Հարություն Սելիմյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իրավիճակի սրումն ունի երկու պատճառ: Նա փոխանցեց նաև, որ այս պահին Հալեպից կան բազմաթիվ տեղահանվածներ, այդ թվում՝ հայ ընտանքիներ:
Այժմ իրավիճակը, ըստ վերապատվելի Սելիմյանի, համեմատաբար հանդարտ է։
Հավելենք նաև, որ երեկ՝ Մայիսի 1-ի առավոտյան, տեղի է ունեցել օրեր առաջ Հալեպում հրթիռակոծման հետևանքով ծանր վիրավորում ստացած և ապրիլի 30-ին մահացած Անի Ավագյանի հուղարկավորությունը: