Հնդկաստանը մտադիր է մոտ ժամանակներս Իրանին վերադարձնել նավթային պարտքը, որը կազմում է 6.5 միլիարդ դոլար: Այս մասին հայտնում է Times of India պարբերականը՝ հղում անելով կառավարական աղբյուրին:
«Մենք աշխատում ենք Իրանի պարտքը վերադարձնելու ուղղությամբ և հուսով ենք, որ այդ հարցը լուծում կստանա մոտ ժամանակներս»,- ասել է պարբերականի զրուցակիցը:
Պարբերականի տվյալներով՝ կողմերը ձգտում են պայմանավորվել վճարման եղանակի շուրջ: Ակնկալվում է, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին կարող է մայիսին այցելել Իրան, որի ժամանակ էլ կողմերը կփորձեն համաձայնության գալ այդ հարցի շուրջ:
Հունվարին պատժամիջոցների վերացումից հետո Իրանը դադարեցրեց Հնդկաստանին նավթ մատակարարելու եռամյա պրակտիկան, որի դեպքում մատակարարումների 45 տոկոսի համար վճարումները կատարվում էին ռուփիով, իսկ մնացածը՝ եվրոյով: