Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի խորհրդարանը երեկ ընդունել է երկրի պաշտպանունակության ամրապնդման ծրագիրը:
9-րդ գումարման խորհրդարանը ընդունել է 9 կետից բաղկացած ծրագիրը՝ ուղղված երկրի պաշտպանունակության բարձրացմանը և ազգային անվտանգության շահերի ապահովմանը:
Հրապարակված փաստաթղթի համաձայն՝ ծրագիրն ուղղված է պոտենցիալ ագրեսորին զսպելու ուժեղացմանը: Նախատեսված միջոցների թվում են հրթիռային զենքի, փոքր, միջին ու հեռահարության ՀՕՊ-ի արտադրությունը, պաշտպանված հաղորդակցային նոր ցանցերի մշակումն ու ստեղծումը՝ բանակի վերահսկման ու ղեկավարման միասնական համակարգի ձևավորումը համակարգչային վերջին տեխնոլոգիաների օգտագործմամբ երկրի պաշտպանական կառավարման համակարգի ստեղծումը և այլն:
Նախատեսվում է արդիականացնել պաշտպանական արդյունաբերության ենթակառուցվածքը: Զորանոցներն ու ռազմական մյուս կառույցները պետք է դուրս բերվեն քաղաքների սահմաններից, ինչի համար հատկացվելու են անհրաժեշտ հողակտորներ ու հատուկ ֆինանսավորում: