Երեկ Հալեպի մի շարք շրջաններ տևական ժամանակ ահաբեկչական խմբավորումների կողմից հրթիռակոծվել են:
Հալեպի «Գանձնասար» շաբաթաթերթի խմբագրության փոխանցմամբ՝ մայիսի 1-ի երեկոյան 23:00-ի դրությամբ`43 մարդ վնասվածքներ է ստացել, 6-ը զոհվել են: Վիրավորների թվում կա երկու հայ կին`մայր և դուստր։ Նրանց կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում: «Գանձասար»-ի աղբյուրների համաձայն`ավելի քան 15 հրթիռ է արձակվել Սուլեյմանիե շրջանի ուղղությամբ, որտեղից շտապօգնության աշխատակիցները վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց:
Հրթիռակոծվել են նաև Մոկամպո, Խելտիե, Ազիզիե, Սեյիտ Ալի, Ճապրիե, Նոր գյուղ, Թելեֆոն Հաուաի, Թըպ ալ Արապի շրջանները, հանրային այգու շրջակայքն ու Նեյել պողոտան:
Թերթի հաղորդմամբ` հրադադարի ռեժիմը խախտած ահաբեկիչները թիրախավորել են խաղաղ բնակչությանը:
Մայիսի 1-ի առավոտյան տեղի է ունեցել օրեր առաջ Հալեպում հրթիռակոծման հետևանքով ծանր վիրավորում ստացած և ապրիլի 30-ին մահացած Անի Ավագյանի հուղարկավորությունը: