Նախօրեին Սերժ Սարգսյանի հրամանով պաշտոնանկ արվեցին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, պաշտպանության նախարարի տեղակալ, նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապի զորքերի պետ, կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցի դիտարկմամբ՝ այս պաշտոնանկությունները նպատակ են հետապնդում մեղմելու այն դժգոհությունները, որոնք հաջորդեցին քառօրյա պատերազմին:
Իրավապաշտպանը հիշեցնում է դեռևս տարիներ առաջ իր իսկ կողմից հրապարակված հայտնի նամակը, որը գեներալ-մայոր Միքայել Գրիգորյանի կողմից ուղղված էր պաշտպանության նախարարին, որում խոսվում էր բանակում առկա խնդիրների մասին՝ կոռուպցիայից մինչև տեխնիկական խնդիրներ: Հիշում է նաև մինչ այս հարուցված մի քանի քրական գործեր, որոնցից մեկը վերաբերում էր ոստիկանության ներքին զորքերի ու պաշպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից մեծ թվով սպառազինության իրացմանը:
Պաշտոնանկությունների մասին հրամանից կարող ենք ենթադրել, որ հեռացված պաշտոնյաները իրականացրել են կողոպուտ, սակայն պետք է կատարել ուսումնասիրություն՝ պարզելու համար, թե կոնկրետ ինչ դրդապատճառներով են կատարվել պաշտոնանկությունները:
Սաքունցը նկատում է. երբ չկա ուսումնասիրություն այն հիմքերի մասին, որոնց հիման վրա նման որոշումներ են կայացվում, վստահել նման հրամանների հիմնավորվածությանը առնվազն տեղին չէ:
Սաքունցն ընդգծում է՝ այս զոհաբերություններով Սերժ Սարգսյանը փորձում է կոծկել սեփական անգործությունը: