Հայ ջրացատկորդները ապրիլի 25-27-ը որոշում էին, թե ովքեր են Հայաստանի լավագույն ջրացատկորդները:
Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցում օրերս մեկնարկել էր Հայաստանի ջրացատկի առաջնությունը:
Նախօրեին արդեն որոշվել էին, թե ովքեր են լավագույնները պատանիների, աղջիկների և տղաների պայքարում: Ապրիլի 27-ին՝ մրցումային վերջին օրը, հայտնի դարձավ, թե ով է աշտարակացատկերի Հայաստանի չեմպիոնը: Լավագույնի կոչումը նվաճեց Վլադիմիր Հարությունյանը: Երկրորդ արդյունքը ցուցադրել է Ազատ Հարությունյանը, իսկ Գևորգ Ներսիսյանը եզրափակել է լավագույն եռյակը:
Առաջնությունն ուղեկցվել է թեժ և համառ պայքարով: Մրցումների ընթացքում ստացած վնասվածքի պատճառով նախօրեին տղաների պայքարում 3-րդ տեղը գրաված Լև Սարգսյանը ստիպված է եղել կիսատ թողնել մրցումները: Երիտասարդ մարզիկը հավելյալ բուժզննման կարիք ունի:
Հայաստանի ջրացատկի առաջնությունը յուրատեսակ նախապատրաստական մրցաշար էր հայ ջրացատկորդների համար, ովքեր այդ կերպ փորձում էին պատրաստվել Եվրոպայի առաջնությանը: Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցում անցկացված եռօրյա մրցումներին մասնակցել են ավելի քան 25 մարզիկ-մարզուհիներ: