Հայկական մի շարք լրատվական կայքերի տարածած այն տեղեկատվությունը, թե իբրև հակառակորդն այսօր կրկին խախտել է կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը, և այս պահին առավել լարված է Մատաղիսի և Թալիշի սահմանին, իրականությանը չի համապատասխանում:
Այս մասին «Արցախպրես»-ի հետ հեռախոսազրույցում րոպեներ առաջ տեղեկացրել է Մարտակերտի թիվ 7 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրված ԼՂՀ Ազգային Ժողովի պատգամավոր Սերգեյ Հարությունյանը:
«Իրավիճակն, ընդհանուր առմամբ, Թալիշում և Մատաղիսում հանգիստ է: Առաջնագծում այդ ուղղություններով հակառակորդի կողմից հատուկենտ կրակոցներ կային, բայց այս պահին սահմանին դրությունը լարված չէ»,- ասել է ԱԺ պատգամավորը և հավելել, որ ինքը մեկ ժամ առաջ է վերադարձել նշված բնակավայրերից, իսկ ավելի ստույգ՝ րոպեներ առաջ կրկին զանգել է և տեղերից ճշտել առկա իրավիճակը: