Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի և պետք է կարգավորվի բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` Երևանում ՀՀ ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում:
«Սկզբունքորեն գերակա խնդիր է 1994թ.,1995թ. հրադադարի համաձայնագրերի կատարման ապահովումը: Այդ պայմանագրերն անժամկետ են և ենթակա անհապաղ կատարման: Դրանք պետք է հարգվեն բոլորի կողմից: Ռուսաստանի Դաշնությունը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, կանի ամեն ինչ` համագործակցելու կողմերի հետ: Այս պահին, հարգելով հրադադարի առկա պայմանագրերը, պետք է անել հնարավորինը, որպեսզի գործնական հիմքի վրա դրվեն փոխադարձ վստահության, անվտանգության ապահովման, միջադեպերի հետաքննության մեխանիզմների վերաբերյալ առաջարկները, որոնք համաձայնեցվել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Ռուսաստանի միջնորդությամբ 2011թ. և որոնց կյանքի կոչման ուղղությամբ աշխատել է ԵԱՀԿ-ն: Այդ գործընթացի դանդաղեցումը ճիշտ չէ»,-ասել է Լավրովը:
Նա կոչ է արել թույլ չտալ հրադադարի պայմանավորվածությունների խախտումներ` ցավակցություն հայտնելով նաև ապրիլի սկզբին բռնության պոռթկման հետևանքով զոհվածների հարազատներին:
Լուսանկարը՝ Photolure-ի