Ադրբեջանը դեռ Լեռնային Ղարաբաղին չի վերադարձրել օրերս հայտնաբերած հայ զինվորի մարմինը: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանի Կարմիր խաչի ներկայացուցիչը Կարմիր խաչի ԼՂՀ ներկայացուցչին տեղեկացրել էր իրենց մոտ գտնվող հայ մեկ զինվորի դիակի մասին: Քոչարյանի խոսքով՝ այս պահին հայտնի չէ՝ ում դիակի մասին է խոսքը: Դա հայտնի կդառնա մարմինը փոխանցելուց հետո միայն:
«Հայ զինվորի մարմին են գտել ադրբեջանցիները, իրենք էլ ասում են՝ ձեր մոտ էլ կա, բայց մեզ մոտ ոչ մի ադրբեջանցի զինվորի դիակ չկա»,- մեզ հետ զրույցում ասաց Քոչարյանը՝ հավելելով. «Այժմ բանակցությունները շարունակվում են, վաղը-մյուս օրը հայտնի կլինի»:
Նշենք, որ հայկական կողմը հայտարարել է մեկ անհետ կորածի մասին՝ 23-ամյա կապիտան, վաշտի հրամանատար Արգիշտի Գաբոյանի, սակայն նրա մասին որևէ տեղեկություն դեռ չկա:
Լուսանկարը` PAN Photo-ի