«Երևան» հյուրանոցում երեկ մեկնարկած «ԵՄ-Հայաստան. Արդար դատաքննության իրավունք և դատական համակարգի անկախություն» սեմինարին, թեև ոչ հրավիրյալի կարգավիճակով, մասնակցել է «Իրավունքի և ազատության» կենտրոնի ղեկավար, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը: Նա սեմինարի մասնակիցներին ահազանգել է, որ դրսում ոստիկանական ուժեր են կուտակվել, և պիկետ կազմակերպած ՀԱԿ ակտիվիստների նկատմամբ կիրառվել է բռնություն: Սեմինարին մասնակից եվրոպացիներից միայն մեկն է հետաքրքրվել Վարդան Հարությունյանի հայտնած տեղեկությամբ: Ավելի ուշ, երբ պիկետը մեծ թափ է հավաքել, սկսել են հետաքրքվել նաև այլ մասնակիցներ: Վարդան Հարությունյանին հիասթափեցրել է, որ սեմինարի մասնակիցները ադեկվատ չեն արձագանքել երիտասարդ ակտիվիստների նկատմամբ կատարված բռնություններին: Սեմինարի ժամանակ , ըստ իրավապաշտպանի, այդ ամենին արձագանքել է միայն հայաստանյան զեկուցողներից Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: Հիշեցնենք, որ ԵՄ-Հայաստան սեմինարին մասնակցել են տասնյակ հասարակական կազմակերպություններ: