Վրացական իշխանությունները ցանկանում են փոխանակել ձերբակալված «ռուս լրտեսներին» Ռուսաստանում դատապարտված վրացուհիների հետ, գրում է Московский комсомолец–ը։
Ռուսաստանյան պարբերականը բացահայտում է փոխանակման թեկնածուների անունները։ Դրանք են՝ Վրաստանի արտաքին հետախուզության աշխատակից Զազա Խարկելաձեն, որն ընթացիկ տարվա մարտին դատապարտվել էր 11 տարվա ազատազրկման, ՌԴ ՊՆ երկու փոխգնդապետեր Խվիչի Իմերլիշվիլին և Մարլեն Բոգդանովը (Բալաշվիլի), որոնք դատապարտվել էին 13 և 15 տարվա ազատազրկման, ինչպես նաև Վրաստանի օգտին լրտեսություն իրականացրած ու 10 տարվա ազատազրկման դատապարտված Հարավային Օսիայի ՊՆ բարձրաստիճան զինվորական Էդուարդ Գոբոզովը։
Հիշեցնենք, որ Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Նինո Կալանդաձեն լրագրողներին հայտնել էր, որ Վրաստանը պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ բացահայտված լրտեսական ցանցի հարցով, որի մեջ ընդգրկված են, ըստ վրացական իշխանությունների, ռուսական հետախուզության հետ կապված անձինք։ Ի պատասխան՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ բանակցություններ չեն լինի՝ որակելով դա որպես «սադրանք»։