Ստի դետեկտորի փորձաքննության ժամանակ Վալերի Պերմյակովի պատասխանների և նրա նախաքննության ընթացքում տված բազմաթիվ ցուցմունքների, ինչպես նաև դատաբժշկական փորձաքննության եզրակացության միջև կան հակասություններ: Այս մասին նշվել է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով դատական նիստում, որի ընթացքում ավարտվել է քրեական գործի նյութերի հետազոտումը:
Մասնավորապես, ստի դետեկտորի փորձաքննության շրջանակում Պերմյակովն ասել է, որ սվին-դանակով հարվածել է ոչ միայն փոքրիկ Սերյոժա Ավետիսյանին, այլև Հասմիկ Ավետիսյանին, Արմեն Ավետիսյանին, մինչդեռ դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ սվին-դանակի վնասվածքներ հայտնաբերվել են միայն փոքրիկ Սերյոժայի մարմնի վրա: Պերմյակովը բազմաթիվ սխալ տեղեկություններ է հայտնել նաև, թե ինչ դիրքում է կանգնած եղել Ավետիսյանների ընտանիքի անդամների վրա կրակելիս, հետագայում փոխել է իր ցուցմունքները:
Այսօր հրապարակված դատահոգեբուժական ու դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացության համաձայն, Պերմյակովը բնութագրվում է որպես անկայուն բնավորության տեր անձ, նրան հատուկ է դաժանությունը, թերզարգացությունը, տհասությունը, մանկամտությունը, սուտ խոսելը: Միաժամանակ փորձագետներն արձանագրել են, որ նա որևէ հոգեկան հիվանդությամբ չի տառապում: