Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ, Nabucco գազատարի նախագծի արժեքը նախկինում նշվող 7.9 միլիարդ եվրոյի փոխարեն, աճել է` հասնելով 12-15 միլիարդ եվրոյի:
Սակայն նախագծի մասնակիցների մի մասը համաձայն չէ այդ գումարի հետ և պահանջում է վերանայել այն: Այդպիսով, վերջնական ներդրումային որոշումները կարող են ձգձգվել մինչև 2012 թվականը:
Հիշեցնենք, որ Nabucco գազատարն, ըստ նախագծի, ունենալու է 3300 կիլոմետր երկարություն և տարեկան 31 միլիարդ խորանարդ մետր թողունակություն: Այն պետք է կասպյան ավազանի գազը հասցնի Եվրոպա` շրջանցելով Ռուսաստանի տարածքը:
Nabucco-ի կոնսորցիումի կազմում են ընդգրկված գերմանական RWE, ավստրիական OMV, թուրքական Botaş, ռումինական Transgaz, բուլղարական Bulgargaz և հունգարական MOL ընկերությունները:
Պլանավորված էր, որ Nabucco-ի կառուցումը մեկնարկելու է այս տարի, իսկ շահագործման է հանձնվելու 2014 թվականի վերջին կամ 2015 թվականի սկզբին: