Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում մարտի 11-ին 30 րոպե ուշացումով մեկնարկել է Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով հերթական դատական նիստը: Դատարանում առաջինը վկայություն է տվել սահմանապահ ջոկատի վարորդ Ռոմիկ Խաչատրյանը: Նա նշել է, որ իրենք տարվա մեջ երկու անգամ պլանային աշխատանքներ են իրականացնում ուղեկալի տարածքում` ուղեկալի տարածքի վնասված փշալարերի վերականգնման ուղղությամբ:
Ըստ առաջադրված մեղադրանքի, Պերմյակովն ուղեկալի տարածքի ինժեներատեխնիկական համակարգի վնասված փշալարի հատվածից անցել, ապա հետ է վերադարձել: Ռոմիկ Խաչատրյանը նշեց, որ չի կարող տեղեկացնել, թե երբ է այդ հատվածը վնասվել, նաև չի կարող հստակ նշել, թե ինչ չափերի է եղել այդ վնասված հատվածը: Սակայն նշել է, որ եթե վնասված հատվածն այնքան մեծ լիներ, որ դրա միջով կարողանար մարդ անցնել, ապա վերջինս չէր կարող անցնել առանց թրջվելու կամ շորերը պատառոտելու:
Սպասվում էր, որ դատարան կներկայանան նաև Պերմյակովի ծառայակիցները: Դատարանի նախագահ Հարություն Մովսիսյանը նշել է, որ իրենք դիմել էին 102-րդ ռազմաբազայի հրամանատարությանը` Պերմյակովի ծառայակիցների գտնվելու վայրի ու հասցեների մասին տեղեկություններ ստանալու նպատակով: Սակայն դատարանը ռազմաբազայից ծանուցում է ստացել, որ Պերմյակովի 7 ծառայակիցները, ինչպես նաև անմիջական հրամանատաար Նիկիշինն այլևս ռազմաբազայում չեն և իրենք չենք կարող ասել, թե որտեղ են: