Ղրղզստանի նորընտիր խորհրդարանն այսօր առաջին նիստն է անցկացնում: Խորհրդարանում ներկայացված են 5 կուսակցություններ, որոնցից ոչ մեկին չի հաջողվել հոկտեմբերի 10-ին անցկացված ընտրություններում մեծամասնություն ստանալ:
Առավել թվով մանդատներ է ստացել «Ատա-Յուրտ» ազգայնական կուսակցությունը, որը սերտ առնչություն ունի երկրի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևի հետ, ում պաշտոնանկությունը այս տարվա ապրիլին ուղեկցվեց արյունահեղությամբ: Հաղորդագրությունների համաձայն` այսօրվա նիստին ներկա են 120 պատգամավորներից 92-ը, իսկ «Ատա-Յուրտ» կուսակցության 28 խորհրդարանականներից` 7-ը: Նիստում սպասվում է երկրի նախագահ Ռոզա Օթունբաևայի ելույթը: