Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը մամուլի ասուլիսում նշեց, որ երիտասարդությանն ուղղված քաղաքականություն իրականացնելու համար գալիք տարի հատկացվելու է 280 մլն դրամ: Երիտասարդության ազգային զեկույցը վերջին անգամ կազմվել է 2007 թ, որն արդեն հնացած է: Արսեն Քարամյանը կարծում է, որ երիտասարդներին պետք է ներգրավել բիզնես-ծրագրերի մեջ: Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե բացի Ռոբերտ Քոչարյանի որդուց` Հայաստանում հազիվ թե գտնվի մինչև երեսուն տարեկան մի երիտասարդ, որը բիզնեսում կայացած լինի, Արսեն Քարամյանը դժվարացավ որևէ բան պատասխանել: Նա միայն ասաց, որ հայ երիտասարդները շատ ավելի հնարամիտ են, քան` այլազգիները, և նրանց համար մրցակցային պայմաններ ստեղծելու դեպքում կարող են լավ ծրագրեր իրականացնել: Արսեն Քարամյանին մտահոգում է, որ մեր երկրում տուրք են տալիս բարձրագույն կրթությանը, իսկ միջնակարգ-մասնագիտական կրթական համակարգը ոչնչացված է: Մինչդեռ, ըստ Արսեն Քարամյանի, մեզ պետք են նաև կռունկավարներ, զոդողներ, շինարարներ: Արսեն Քարամյանը նշեց, որ շատ կարևոր է ապակենտրոնացումը և երիտասարդներին դեպի մարզեր ուղղորդելը: