Նիգերիան կողմ է նավթի արդյունահանման ծավալների սառեցման գաղափարին, բայց միաժամանակ կարծում է, որ Իրանին և Իրաքին պետք է հնարավորություն թողնել վերականգնելու կորցրած մասնաբաժինը շուկայում: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով այդ երկրի էներգետիկայի նախարար Էմանուել Կաչիկվուին:
Նախարարը Դոհայում, որտեղ հանդիպել է կատարցի գործընկերոջ հետ, նշել է, որ այս ամիս Աֆրիկայում խոշորագույն նավթ արտադրող Նիգերիայում արդյունահանումը օրական կկազմի 2,2 մլն բարել, այդ ծավալն անփոփոխ է այս տարվա հունվարից:
Նրա խոսքով՝ Իրանը և Իրաքը նոր պետք է վերականգնեն կորցրած դիրքերը «սև ոսկու» շուկայում՝ պատժամիջոցների և պատերազմի պատճառով, ուստի նրանց նկատմամբ լավ կլիներ սառեցման ավելի բարձր մակարդակ սահմանել:
Ներկայումս Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) անդամ և դրա կազմի մեջ չմտնող երկրները քննարկում են նավթի արդյունահանման հնարավոր սառեցման հարցը շուկայում իրավիճակը կայունացնելու համար: Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Կատարը և Վենեսուելան փետրվարի 16-ին պայմանավորվել են 2016թ. նավթի արդյունահանումը պահպանել միջինը հունվարի մակարդակի վրա, եթե մյուս արտադրողները միանան այդ նախաձեռնությանը: Ավելի ուշ Վենեսուելայի նավթի նախարարը հայտնել է, որ այդ առաջարկին աջակցել են Էկվադորը, Ալժիրը, Նիգերիան, Օմանը, Քուվեյթը: