Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաման է ստորագրել, որով աշխատանքից ազատել է քաղաքաշինության փոխնախարար Ռուզան Ալավերդյանին: Ըստ կառավարության հիմնավորման՝ Ռուզան Ալավերդյանը հեռացվել է ՀՀ նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետի համաձայն: Թերևս կառավարությունում տեղ են ազատում դաշնակցականների համար:
Նշենք, որ անկուակցական Ռուզան Ալավերդյանը ամենաերկար աշխատած փոխնախարարներից է: Նա քաղշինում է արդեն 16 տարի և համարվել է նախարարության ամենապրոֆեսիոնալ կադրերից մեկը: Ռուզան Ալավերդյանը մասնագիտությամբ ճարտարապետ է և 2000 թվականի օգոստոսից աշխատում է ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ: Նա համակարգել է քաղաքաշինության քաղաքականության և տարածական պլանավորման վարչության ճարտարապետության վարչության աշխատանքները, ինչպես նաև տարածական պլանավորման և ճարտարապետության ոլորտներում միջազգային ծրագրերի աշխատանքները:
Ուշագրավ է, որ ոչ մասնագետ կադրերը շարունակում են մնալ կառավարությունում, օրինակ՝ քաղշինում փոխնախարար է Գագիկ Բեգլարյանի եղբայրը՝ Հակոբ Բեգլարյանը, որը գնումների գործակալության նախկին պետն էր և այնտեղից հեռացվեց Սերժ Սարգսյանի հայտնի ելույթից հետո: