Ռուսաստանը պետք է փոխի Սիրիայում իր ավիահարվածների թիրախների ընտրությունը՝ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում ձեռք բերված համաձայնություններից հետո: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին` ելույթ ունենալով անվտանգության հարցերով մյունխենյան համաժողովում: Այս մասին հայտնում է TASS-ը:
Նրա խոսքով՝ ներկայում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի հարվածների մեծ մասը հասցվում է լեգիտիմ ընդդիմադիր խմբավորումներին: «Մենք խիստ կարևոր ենք համարում, որ Ռուսաստանը փոխի իր թիրախների ընտրությունը: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը ասաց, որ մեզ հարկավոր է միասին՝ որպես խումբ, որոշել, թե ում է պետք հարվածել, ով է ահաբեկիչ»,- ասել է նա:
Քերին վստահեցրել է, որ «եթե քաղաքական գործընթացին պատրաստ մարդիկ ենթարկվում են ռմբակոծությունների, մենք չենք ունենա լիարժեք քննարկում: Մենք պետք է պայմանավորվենք՝ ում ռմբակոծել, որտեղ և երբ»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ Սիրիայում պատերազմը հնարավոր չէ դադարեցնել, քանի դեռ նախագահ Բաշար Ասադը մնում է իշխանության մեջ:
Քերիի խոսքով՝ մարդասիրական օգնության բացակայությունը և ռմբակոծությունները հետևանքն են այն բանի, որ «Ասադը և նրա դաշնակիցները՝ ներառյալ Ռուսաստանը, որոշել են, որ ժխտելով միջազգային հանրության կամքը՝ իրենք կարող են հաղթել»: «Եթե Ռուսաստանը և Ասադը այդպես են մտածում, ապա ես համարում եմ, որ նրանք բաց են թողնում վերջին 5 տարիների դասերը»,- ավելացրել է նա: