Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին իրեն առաջարկել է վարչապետի պաշտոնը:
Անցյալ տարվա վերջին Ազգային խորհրդի բարեփոխումների նիստի ժամանակ երկու քաղաքական գործիչների միջև տեղի է ունեցել միջադեպ: Ավակովը լեզվակռվից հետո ջրով լի բաժակը նետել է Սաակաշվիլիի վրա:
«Սաակաշվիլին մի քանի օր առաջ այն բանից, երբ ինձ հրապարակավ անվանեց գող և կոպտության համար հյուրասիրվեց մեկ բաժակ ջրով, իմ աշխատասենյակում նստած առաջարկեց. «Արի պայմանավորվենք: Դու եղիր վարչապետ, իսկ ես առաջին փոխվարչապետ»: Ես հարցրեցի. «Իսկ ինչո՞ւ ես»: Պատասխանեց. «Ես համարում եմ, որ վարչապետ պետք է լինի «Ժողովրդական ճակատի» ներկայացուցիչը: Կամ Տուրչինովը (Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար, «Ժողովրդական ճակատ» կուսակցության անդամ), կամ դու, քանի որ դու ես ամենահաջողակ նախարարը»,- ասել է Ավակովը ուկրաինական ZN.UA պարբերականին տված հարցազրույցում: