ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 13-ին Մյունխենում հանդիպել է Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Անդրեյ Գալբուրին:
Շնորհավորելով գործընկերոջը Մոլդովայի արտգործնախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Էդվարդ Նալբանդյանը կարևորել է հարաբերությունների զարգացմանն ուղղված հետևողական քայլերի իրականացումը։
Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ Անդրեյ Գալբուրը նշել է, որ Մոլդովան շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական համագործակցության խորացմամբ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, զրուցակիցները քննարկել են քաղաքական երկխոսության ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացման հարցեր։
Անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների:
Մոլդովայի արտաքին գործերի նախարարը ներկայացրել է Մոլդովայում ներքին կայունության ապահովմանն ուղղված՝ իշխանությունների ջանքերը: