ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն անդրադարձել է պաշտոնը թողնելու լուրերին
Լրագրողների հարցին` նեղացած չէ՞ Դաշնակցությունից, նախարարը նշեց. «Ես Դաշնակցության մեջ ունեմ շատ ընկերներ: 2009 թվականին, երբ ստանձնեցի պորտֆելը Սպարտակ Սեյրանյանից, բազմիցս նրա հետ հանդիպել, աշխատել ենք սահուն փոխանցում կատարել: Համակարգն այնպիսին է, որ քաղաքական պատկանելությունը նշանակություն կարող է ունենալ դետալների մեջ: Ռազմավարական առումով, եթե հետևեք Հայաստանի կրթական բարեփոխումներին վերջին 15-20 տարիներին, քաղաքական պատկանելությունը չի ազդել նպատակների վրա: Ազգային դպրոց` միջազգային ստանդարտներին համապատասխան. մեր նպատակն է կրթական համակարգում: Ինչ վերաբերում է նեղացվածությանը` ինչպես ճիշտ կատակեցի դաշնակցական շրջապատում` Դաշնակցության բերած, Դաշնակցության տարած»:
Նախարարի խոսքով` մամուլը գուժել է իր հրաժարականը 2012, 2014, 2015 թվականներին: «Միշտ հոգեբանորեն պատրաստ եմ: Դա չի նշանակում, որ չեմ սիրում իմ աշխատանքը, չի նշանակում, որ չեմ կապվել կոլեկտիվի, ոլորտի հետ: Չեմ պատրաստվում ոլորտը լքել, որովհետև չեմ կարող լքել մի ոլորտ, որտեղ 7 տարի ավելի շատ եմ եղել, քան տանը»,-շեշտել է Արմեն Աշոտյանը: