Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան նախորդ տարի մարտական ստորաբաժանումներ է ուղարկել Իրաքի տարածք՝ չունենալով Իրաքի իշխանությունների թույլտվությունը։ Այդ մասին Մյունխենի անվտանգության հարցերով կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին։
Նա դատապարտել է Թուրքիայի այդ գործողությունները՝ դրանք որակելով որպես անընդունելի. «Մեզ մոտ, մեր տարածքում չկան օտար զորքեր, մարտական ստորաբաժանումներ, չկան իրանցիներ, սաուդցիներ, հորդանանցիներ, ամերիկացիներ, բրիտանացիներ։ Կան միայն ռազմական հրահանգիչներ։ Բացառությունը Թուրքիան է, որն առանց Իրաքի կառավարության համաձայնության ուղարկել է մարտական ստորաբաժանումներ։ Մենք համարում ենք, որ դա անընդունելի է։ Մենք հարևաններ ենք, եթե ցանկանում եք օգնել Իրաքին, մենք կորոշենք, թե ինչպես դուք կօգնեք մեզ»։