Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի աշխատակազմը հերքում է այն հաղորդումը, թե ռուս հումորիստներ Վովանն ու Լեքսուսը հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի նախագահի հետ։
Աղբյուրն ընդգծել է. «Ես ոչինչ չեմ լսել այդ հեռախոսազանգի մասին, սակայն ընդհանրապես անհնար է պարզապես նախագահին զանգահարելը։ Կարծում եմ, որ դա կեղծիք է, քանի որ նման բանակցությունների համար օգտագործվում են կապի հատուկ աղբյուրներ ու հատուկ ընթացակարգեր»։
Ավելի վաղ հումորիստներ Վլադիմիր Կուզնեցովն ու Ալեքսեյ Ստոլյարովը հայտարարել էին հեռախոսով Էրդողանին խաղարկելու մասին։ Նրանք պնդում են, որ զանգահարել են Անկարա և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի ու վարչապետ Արսենի Յացենյուկի անունից զրուցել են նրա հետ։