Թուրքական T24 առցանց թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախկին փոխվարչապետ Բյուլենթ Արընչը և իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նախկին խոսնակ, կրթության նախկին նախարար Հուսեին Չելիքը կարող են կանչվել հարցաքննության՝ կապված Գյուլենական շարժման դեմ ուղղված «զուգահեռ կառույցի» շրջանակներում անցկացվող հետաքննության հետ։
Այդ մասին հայտնել է Թուրքիայի կառավարությանը մոտ կանգնած Akşam («Երեկո») թերթը։ Այս երկու քաղաքական գործիչները վերջին շրջանում աչքի են ընկել Թուրքիայի իշխանություններին և մասնավորապես նախագահ Ռեջեփ Էրդողանին քննադատելով։
Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, թե Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը 2.5 ժամանոց հանդիպում է ունեցել Բյուլենթ Արընչի ու Հուսեին Չելիքի, իսկ դրանից մեկ օր առաջ 3 ժամանոց հանդիպում է ունեցել Էրդողանի հետ։