ԼՂՀ և ՀՀ Ազգային ժողովների նախագահներն Արցախում քննարկել են առաջիկայում հրավիրվելիք միջխորհրդարանական հանձնաժողովի նիստերի օրակարգն ու համագործակցության ծրագրերին վերաբերող հարցեր: «Արցախպրես»-ի փոխանցմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նախ նշել է, որ սա առաջին հանդիպումն է անցած տարվա մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված ԼՂՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների նոր կազմի հետ: «Այդ պատճառով էլ արցախցի մեր գործընկերների հետ նպատակահարմար ենք գտել նախևառաջ քննարկել առաջիկա միջխորհրդարանական նիստերի օրակարգերին ու համագործակցությանը վերաբերող հարցերն ու ծրագրերը, որից հետո միայն հրավիրել համատեղ նիստեր ու աշխատել նախանշված ծրագրերի իրականացման ուղղությամբ»,-ասել է Սահակյանը՝ հավելելով, որ անելիքների կիզակետում շարունակելու է մնալ Արցախյան հիմնախնդրի լուծման հարցը:
Անդրադառնալով ԼՂՀ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ միջխորհրդարանական քննարկումների մասին լրագրողի հարցին՝ ՀՀ ԱԺ նախագահն ասել է, որ նման քննարկում չի եղել, սակայն անհրաժեշտության դեպքում, ունեցած փորձից ելնելով իրենք պատրաստ են աջակցություն ցուցաբերել արցախյան գործընկերներին: Ի լրումն պատասխանի` ԼՂՀ ԱԺ նախագահը ասել է, որ հայկական երկու հանրապետություններում սահմանադրական բարեփոխումներն անկախ քաղաքական գործընթացներ են: