Փետրվարի 15-ից՝ ձմեռային արձակուրդից հետո, կվերաբացվեն հանրապետության գրեթե բոլոր մանկապարտեզները: Նոր տարում Էջմիածնում մանկապարտեզ հաճախող հազարավոր երեխաների ծնողներին տհաճ անակնկալ է սպասվում: Քաղաքապետը՝ Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը, որոշել է, ավագանին էլ հաստատել. 2016-ի հունվարից վարձավճարները 500 դրամով բարձրացնել Էջմիածնի բոլոր մանկապարտեզներում:
Քաղաքապետարանի աշխատակիցը նշում է. աշխարհում կյանքը թանկացել է, Էջմիածնում՝ նույնպես: Կոմունալ վարձավճարների՝ գազի և էլեկտրաէներգիայի, նաև սննդի թանկացման պատճառով Էջմիածնի քաղաքապետարանի բյուջեում բաց է առաջացել, որի մի մասն էլ լրացնելու են հենց այդ ավել 500 դրամներով:
Երևանի մանկապարտեզները, որոնք երկար տարիներ անվճար են գործում, Վարդան Վարդանյանը չհամեմատեց Էջմիածնի մանկապարտեզների հետ: Նրա խոսքով՝ Երևանի և Էջմիածնի բյուջեի ծավալները նույնը չեն:
Սոցիալական ճգնաժամ ապրող քաղաքի բնակիչներին, որտեղ աշխատանք գտնելը բարդ է, մանկապարտեզի թանկացման նորությունը բացարձակապես չոգևորեց: Գործազրկության պայմաններում նույնիսկ մեկ լուման հայոց հոգևոր մայրաքաղաքի բնակիչների համար խնդիր է: