Եվրահանձնաժողովը նախազգուշացրել է ԵՄ երկրներին միգրացիոն ճգնաժամի հետ կապված սահմանային վերահսկողության սահմանման և Շենգենյան համաձայնագրի չեղարկման դեպքում խոշոր ֆինանսական կորուստների մասին, հայտնում է Deutsche Welle-ն։
Շենգենյան գոտու անկումը կարող է նրա անդամներին մինչև 18 մլրդ եվրո արժենալ՝ ասվում է Եվրահանձնաժողովի ներկայացրած փաստաթղթում։ Մասնավորապես, սահմանին վերահսկողության հավելյալ միջոցառումները ԵՄ երկրներին կարժենան 7.1մլրդ եվրո։ Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել էր, որ արդեն ներմուծված սահմանափակումները տարեկան 3 մլրդ եվրո կարժենան։
Շենգենի չեղարկումից անուղղակի վնասները կանդրադառնան տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներին, ինչպես նաև աշխատանքի շուկային։ Վիզային ռեժիմի վերադարձից զբոսաշրջային ոլորտի տարեկան կորուստները կկազմեն 10-20 մլրդ եվրո։
Բրյուսելն ու ԵՄ երկրները պահանջել են Հունաստանից ուժեղացնել միգրացիոն ճգնաժամի կանխմանն ուղղված միջոցառումները։