Ամերիկյան հետախուզական ծառայության տվյալներով, Հյուսիսային Կորեան Յոնբենում վերսկսել է պլուտոնիումային ռեակտորի աշխատանքը և մոտակա ժամանակներում կարող է ստեղծել պլուտոնիումի պաշարներ, գրում է The Hill-ը:
«Մենք համարում ենք, որ Հյուսիսային Կորեան բավականին երկար օգտագործում է ռեակտորը, որպեսզի սկսի ստանալ պլուտոնիում մի քանի շաբաթվա կամ ամսվա ընթացքում»,- հայտարարել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեփերը զինված ուժերի սենատային կոմիտեում ելույթի ժամանակ:
Բացի այդ, Քլեփերը հայտնել է, որ Փխենյանը փորձում է ստեղծել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ:
Նշվում է, որ պլուտոնիումային ռեակտորը հանդիսանում է պլուտոնիումի գլխավոր աղբյուրը, ինչն անհրաժեշտ է հյուսիսկորեական միջուկային ծրագիրն իրականացնելու համար: Այն կանգնեցվել էր 2007 թվականին Փխենյանի միջուկային ծրագրի բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում, որին մասնակցել էին Հյուսիսային Կորեան, Հարավային Կորեան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ճապոնիան: Սակայն, 2013 թվականին՝ ՄԱԿ-ի նոր պատժամիջոցներից հետո, հյուսիսկորեական իշխանությունները խոստացան կրկին գործարկել ռեակտորը: