Friday, 19 04 2024
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին

Սերժ Սարգսյանի սկսած նոր խաղում Հովիկ Աբրահամյանը չունի նախկին պահանջվածությունը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը:

– Պարոն Սաֆարյան, վերջին արձանագրություններն են կատարվում այն իրադարձությունների վերաբերյալ, որ տեղի էին ունենում մոտ 3 շաբաթ առաջ մեկնարկած գործընթացների շրջանակում՝ կապված ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հետ: Ձեր տպավորություններն ինչպիսի՞ն են:

– Իրականում սրանք սահմանադրական փոփոխությունների տրամաբանական շարունակությունն են, և երկուսն էլ ամենասերտ առնչություններն ունեն հաջորդ տարի սպասվող խորհրդարանական ընտրությունների հետ:

– Ավելի հեռուն գնալով՝ հնարավո՞ր է , որ սա իրականում քառյակի տրոհումից ի վեր գործընթացի տրամաբանական շարունակությունը լինի:

– Հանուն արդարության ինչ-որ չափով, կարող ենք ասել, նաև այդպես է, որովհետև կարծում եմ, որ քառյակի շրջանից իշխանությունը յուրովի իր դասերը քաղեց, և նկատելի է, որ Հայաստանի նոր քաղաքական  ճարտարապետության մեջ այլ շեշտադրումներ են կատարվելու, և այլ ուժերի բալանսի հետ ենք գործ ունենալու: Նախկինում մենք ունեինք երկրորդ քաղաքական ուժ՝ «Բարգավաճ Հայաստան», որը բավականին վստահ էր արդեն իրեն զգում:

– Եվ որի շուրջ հավաքվել էին քաղաքական մյուս ուժերը, և քառյակի շնորհիվ հնարավոր եղավ գործադիր իշխանություն փոխել, իշխանության ղեկավար Տիգրան Սարգսյանին փոխել: Հովիկ Աբրահանյանը, մեծ հաշվով, այդ ժամանակ դիտարկվում էր որպես այն անձը, որ ԲՀԿ-ին պետք է թույլ չտար անցնել ռուբիկոնը: Ըստ էության նա այդ նշանակմանն արժանացավ հենց այդ խնդիրը լուծելու և հենց այդ առաքելության համար:

– Միանշանակ, որևէ առարկություն չունեմ արված գնահատականի հետ, թերևս հետևյալն ասեմ. ես և՛ այն ժամանակ, և՛ այժմ գրեթե վստահ եմ, և հակառակի մեջ ինձ որևէ մեկը չի համոզել, որ իհարկե ներքաղաքական խնդիրներ լուծվեցին, բայց այս կառավարությունը նաև ուներ ավելի շատ ոչ թե առկա վտանգները չեզոքացնելու խնդիր, այլ ապագա հնարավոր վտանգները: Ի վերջո, Հայաստանը պետք է ընթանար դեպի ԵՏՄ-ի լիարժեք անդամակցություն, և թերևս քառյակում ռուսամետ տրամադրություններն այնքան դոմինանտ էին, որ կարող էին որևէ իքս պահի դառնալ ուղղակի ական հենց իշխանության թիկունքում: Նաև իշխանության ներսում խաթարված բալանսների խնդիրը պետք է լուծվեր, որոնք դեռևս իրենց շատ զգացնել չէին տալիս, և թերևս այստեղ քառյակը, առաջին հերթին ԲՀԿ-ն, ում շուրջ համախմբվել էին մյուսնեը, լուծեց նաև մեկ այլ խնդիր, դա կառավարության փոփոխությունն էր, որն ինչ-որ ձևով նաև բխում էր Սերժ Սարգսյանի շահերից, որովհետև հասարակությունն էր հոգնել հին կառավարությունից, իշխանության փոփոխության խնդիր կար, երբեմն-երբեմն դեմքերը պետք է փոխվեն՝ հոգնածությունը վերացնելու համար, սպասումներ առաջացնելու համար: Թեպետ Հովիկ Աբրահամյանի կառավարությունով դժվար թե առաջին իսկ օրվանից մեր լայն զանգվածների մոտ հույսեր առաջացվեին: Այնուամենայնիվ, լուծվում էր ներքաղաքական խնդիր, լուծվում էր նաև Մոսկվայի հետ անվստահության խնդիր, ի վերջո՝ այս կառավարությունը պատահական չէ, որ առաջին օրից ես համարում եմ եվրասիական կառավարություն՝ ի տարբերություն Տիգրան Սարգսյանի կառավարության, որը բանակցում էր ԵՄ-ի հետ, այս կառավարությունը առավելապես իր հակումներով, աշխարհաճանաչողությամբ հաստատապես այլ դաշտում էր: Նաև կար խնդիր՝ ի վերջո խլրտացող ինչ-որ մի գործոն մինչև 2017թ. լռեցնելու:

– Մինչև դրան հասնելը, անցյալ տարի այս օրերին իրավիճակը՝ պայմանավորված նաև սպասվելիք զարգացումներով, շատ թեժ էր Հայաստանում: ԲՀԿ-ն թեժ հանրահավաք էր պատրաստվում կազմակերպել, մինչ այդ փաստորեն տեղի ունեցավ ՀՀԿ ԳՄ նիստը, և Մելիք-Ադամյան փողոցի վրա հայտնի բամփոցների սպառնալիքներից հետո Գագիկ Ծառուկյանը ստիպված եղավ նահանջել, որի մեջ էլի ՀՅԴ-ն ունեցավ շատ կարևոր դերակատարություն, Հրանտ Մարգարյանի միջնորդությամբ և գործարար Սամվել Կարապետյանի քավորությամբ տեղի ունեցավ հաշտեցումը, որից հետո երկրի թիվ 2 քաղաքական ուժի առաջնորդն ընդմիշտ հեռացավ քաղաքականությունից: ՀՅԴ-ին վարձահատույց լինելու կարևոր պատճառներ մենք այսօր այստեղ կարո՞ղ ենք տեսնել, դիտարկել, թե ոչ:

– Կարող ենք տեսնել, որովհետև դեկտեմբերին փակվեց քաղաքական պայքարի այդ կարևոր շրջանը, և ՀՅԴ-ն, թերևս, այդ հարաբերությունների ճշգրտման շրջանակներում հստակ ուղերձներ թողեց, թե ինչ ուղղությամբ կարող է ինքը շարժվել, և պատահականություն չէր, որ ՀՅԴ-ն նաև սատարեց սահմանադրական փոփոխությունների այդ նախագիծը, որն առաջարկեց իշխանությունը: Եվ ահա այս մրցապայքարը այլ փուլ է տեղափոխվել, և միանգամայն հասկանալի պատճառներով, հենց այս պահին, երբ արդեն ԸՕ հարցերը պետք է լուծվեն, պայմանավորվածություններ ձեռք բերվեն, իշխանությունն ըստ էության բացահայտ չի էլ թաքցնում, որ գծագրվում է ապագա խորհրդարանը և կառավարությունը: Ահա մենք ունենք այս պրոցեսը:

– Դուք խոսեցիք նաև ուժերի հարաբերակցության մասին, որ փոխվում է նոր իշխանության քաղաքական ճարտարապետությունը, անատոմիան: Կարո՞ղ է ՀՅԴ ներգրավմամբ կառավարության ներսում ուժերի այնպիսի հարաբերակցություն հնարավոր լինի ապահովել, որտեղ Հովիկ Աբրահամյանի ազդեցությունը ՀՀԿ-ի և ընդհանրապես իշխանության ներսում սկսի նվազել, և Ս. Սարգսյանի դիրքերը, որոնք կարծես թե սկսել էին բավականին նահանջ ապրել Հ. Աբրահամյանի վարչապետ նշանակվելուց ի վեր, նորից սկսեն ամրապնդվել, որովհետև հասկանալի է, որ ՀՅԴ-ն գալիս է առավելապես ամրապնդելու Ս. Սարգսյանի դիրքերը: Եվ ՀՅԴ հետ գոնե շփումները, նույն Հ. Մարգարյանի վկայությամբ, եղել են Ս. Սարգսյանի և Հ. Մարգարյանի առանձնազրույցների մակարդակով, ինչից նույնիսկ տեղյակ չեն եղել ՀՀԿ շատ կարևոր ներկայացուցիչներ, նրանք այդ մասին իմացել են փաստորեն Մարգարյանի՝ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցից:

– Այո՛, իրավիճակն այդպիսին է, սրանք այն քննարկումները չեն, որոնք Սերժ Սարգսյանը վարեր կուսակցության ղեկավար մարմինների՝ կոլեգիալ մարմինների մասնակցությամբ, որովհետև այստեղ նախ այս գործարքն ուներ ներքին հակառակորդներ ՀՀԿ-ի ներսում՝ ի դեմս Հովիկ Աբրահամյանի թևի:

– Թե ինչու կիսենք մի քաղաքական ուժի հետ արդեն իսկ սակավ միջոցներն ու հնարավորությունները, որովհետև կառավարությունում բավական լուրջ իրավիճակ է՝ կապված նաև երկրում սոցիալ-տնտեսական վիճակի հետ:

– Այո՛, առավել ևս, որ Սերժ Սարգսյանը վճարում է առավելապես Հովիկ Աբրահամյանի թիմի հաշվին: Եվ բնականաբար դա նաև բալանսների խախտման է բերում:

– Եվ 2017-2018թթ. տեսլականն ունենալով առջևում՝ հասկանում է, որ իր դիրքերն են հնարավորինս նվազեցվում այսօր դրվող այս քարերով:

– Ի դեպ, կոմբինացիայի առումով շատ հետաքրքիր է, որ Սերժ Սարգսյանը բաց է թողել 2-րդ քաղաքական ուժի նիշայի լուծելու խնդիրը, և հենց դա արդեն ինչ-որ բան է նշանակում, այսինքն՝ բաց թողնել, դեռևս չի ամբողջացրել, թե ով է զբաղեցնելու այն բալանսի կամ բուֆերի դերը, որ նախկինում կատարում էր ԲՀԿ մինչև անհնազանդության և շանտաժի քաղաքականության նշանների նկատելը, բայց համենայնդեպս այդ բուֆերային քաղաքական ուժի տեղերը դեռևս բաց են թողնված, բայց տեղի է ունենում, այսպես ասած, օղակ օպերացիա: Իհարկե Դաշնակցությունը քաղաքական կյանքում շատ մեծ դերակատարում չունի, բայց նաև հանրապետության որևէ նախագահ չի կարող անտեսել Դաշնակցության գործոնը միայն և միայն արտաքին քաղաքականության և արտաքին աշխարհի հետ ունեցած խնդիրներում: Բայց այստեղ Դաշնակցությունը չափազանց պահանջված է հենց Ձեր ասած խնդիրը լուծելու համար, որովհետև ըստ էության ստեղծվում է մի օղակ, որի ներսում կա՛մ ՀՀԿ-ի Հովիկ Աբրահամյանի թևը պետք է ադապտացվի այդ նոր իրավիճակին և հարմարվի ավելի սահմանափակ դերակատարությանը, կա՛մ իսկապես առաջարկի շատ ավելի մեծ ծառայություններ, քան նախկինում առաջարկվել է:

– Հովիկ Աբրահամյանը Գագիկ Ծառուկյանի հեռանալուց հետո, ըստ չհաստատված տեղեկությունների պատրոնաժություն է անում ԲՀԿ-ին՝ ֆինանսավորելով կուսակցության գործունեությունը, և միայն այն փաստը, որ այս փուլում ավելի զուսպ ներկայություն ունեցող Դաշնակցությանն է առաջարկվում մաս կազմել, Հրանտ Մարգարյանն էր ասում, որ նրանց առաջարկ է արվել կոալիցիայի մաս կազմելու, դա ինքնին վկայում է, որ այս պահին Հովիկ Աբրահամյանի մասնակցությունը այս նոր ձևավորվելիք պրոցեսներին զրոյացված է, որևէ դերակատարություն չունի: Եվ այն առաջարկը, որ չի արվել ԲՀԿ-ին, դրա կարևոր ցուցիչն է:

– Ինձ թվում է մի բան էլ կարող ենք ավելացնել: Ի վերջո՝ այս շրջանում հենց ԲՀԿ-ի ներսում կատարվածը, որից մենք փշրանքներ տեսանք նաև մամուլի դրսևորումներից, ի դեպ Նաիրա Զոհրաբյանն էլ հաստատեց, որ կար խնդիր, և ԲՀԿ անդամները, այսօր էլ Վահան Բաբայանը չեն հերքել, որ իրենք կողմ են եղել համագործակցությանը: Ինչ-որ եղանակով արվել է առաջարկություն, միգուցե ոչ առաջին դեմքի մակարդակով:

– Սամվել Նիկոյանը մեզ հետ զրույցում ասում էր, որ գուցե ԲՀԿ-ի առաջարկը լավը չի եղել, և մենք չենք կարևորել:

– Եվ դրա համար ԲՀԿ-ի դերակատարումը ապագա քաղաքական ճարտարապետության մեջ թողնված է անորոշ: Միգուցե արվում է առաջարկ, միգուցե արվում է ոչ այն տեսքով, ինչպես կցանկանար ԲՀԿ-ն կամ ինչպես Ս. Նիկոյանն է ասում՝ ոչ այնքան լավ առաջարկով: Սերժ Սարգսյանի համար միգուցե, իհարկե, որպես նպատակներից մեկը ընդունելի լիներ դրա ընդունվելը ԲՀԿ-ի կողմից, այդ դեպքում, իհարկե, ապագա իշխող կոալիցիան մենք ամբողջությամբ կտեսնեինք, բայց չընդունումն էլ կարծեք թե արդեն սարսափելի չէ՝ հատկապես, երբ ՀՀԿ-ՀՅԴ բանակցություններն արդեն չափազանց սթափեցնող և նախազգուշացնող ուղերձ են դառնում ԲՀԿ-ի համար, թե որքան կարող է դուրս հայտնվել գլխավոր, մեծ թիմից կամ մայր ուղուց: Մեկ տարի առաջ իմ գնահատականը, փետրվարյան դեպքերի հետ կապված, հետևյալն է եղել, որ ըստ էության չափազանց առանցքային իրադարձություն է տեղի ունեցել՝ այն առումով, որ խաղն է փոխվել, և այդ նոր խաղում Հովիկ Աբրահամյանը և իր կառավարությունը չունեն այն նույն պահանջվածությունը, ինչ ունեին մինչ այդ, որովհետև նախկինում, այո՛, մի կողմից՝ քաղաքական ճնշումը ներսից, իշխանափոխության օրակարգի շուրջ՝ ի դեմս քառյակի, մյուս կողմից՝ Ռուսաստանի կողմից ցանկալի պահին իշխանության դեմ, այսպես ասած, ակտիվը, երբ Հայաստանի իշխանությունները հետքայլ կկատարեին, օրինակ, ԵՏՄ-ից: Այս ամենը ՀՀԿ-ի համար առաջ էր բերել կրկին կոմպրոմիսային վարչապետի և կառավարության հանգամանքը: Մեկ տարի առաջ ես ասել էի, որ Հովիկ Աբրահամյանի ճակատագիրը բացառապես կախված է զուտ իրավիճակի շատ աննշան փոփոխություններից, որովհետև նա այլևս նախկին ֆունկցիան չի կատարում, այսինքն՝ նախկին ներքին և արտաքին սպառնալիքները իշխանության համար այլևս չկան, և երկրորդ՝ այն խնդիրները, որոնք դրվել են իր կառավարության առջև, լուծված չեն՝ տնտեսական աճի ապահովում և այլն: Հատկապես անգամ մեր երբեմնի ընդդիմախոսները, ովքեր ասում էին՝ 180 միլիոնանոց շուկա, մեր արտադրանքն այնտեղ կմտնի և այլն, հիմա ասում են՝ գիտեք, դուք կարող է ճիշտ էիք, բայց մենք անդամակցեցինք, որովհետև չանդամակցելու դեպքում էլ ավելի վատ կարող էր լինել: Նախկինում համարձակվում էին ինչ-որ դրական, պոզիտիվ, անառարկայական և անորոշ օգուտների մասին խոսել:

– Անդրադառնանք արտաքին գործոնին: Հովիկ Աբրահամյանին այդպես էլ չհաջողվեց Ռուսաստանում կամ գոնե ԵՏՄ շրջանակներում անհրաժեշտ շահեկան, նպաստավոր դաշտ ստեղծել իր համար, ինչպես Տիգրան Սարգսյանն ուներ, Մեդվեդևի հետ նրանց կապերը կարծես թե նույնիսկ անձանվորված էին, և նրանք նույնիսկ այդ հարթության մեջ էին շփվում, ինչը կարծես նաև արդյունավորվեց Տիգրան Սարգսյանի տեղափոխմամբ՝ Մոսկվայում նա նոր պաշտոն ստացավ, և այստեղ լուրջ խնդիրներ առաջացան Հովիկ Աբրահամյանի համար: Այս իմաստով ի՞նչ դիտարկումներ ունեք: Փաստորեն, Մեդվեդևն անցյալ տարի պետք է այցելեր Հայաստան, այստեղ պետք է լիներ ԵՏՄ անդամ երկրների վարչապետների հանդիպում, այն հետաձգվեց, գուցե այս տարվա մարտին լինի, գուցեև այն տեղափոխվի Մոսկվա, որովհետև կարծեք թե ընդանուր խոսելիք և անելիք չկա Հովիկ Աբրահամյանի հետ: Սա ևս կարևոր ցուցիչ է Հովիկ Աբրահամյանի դիրքերի նվազման:

– Աշխարհում երբեք անձնական գործոնները քիչ դերակատարում չեն ունեցել միջազգային կապերում, և այս կտրվածքով, իհարկե, կարելի է ասել, որ Տիգրան Սարգսյանի ԵՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նախագահի պաշտոնում նշանակվելուց հետո օղակը կատարյալ է դարձվում Հովիկ Աբրահամյանի շուրջ ոչ միայ ներսից, այլ անգամ նաև դրսից: Չեմ կարծում Տիգրան Սարգսյանը մոռացել է Հովիկ Աբրահամյանի պայքարը խորհրդարանից կամ…

– Ինչի մասին նա հեռուսատեսությամբ իր նշանակումից հետո խոստովանեց:

– Այնպես որ, մի քանի ներքին և արտաքին գործոնների բերումով Հայաստանում ուղղակի կառավարության փոփոխությունն անխուսափելի է: Իհարկե, ես չեմ բացառում, որ այդ կառավարության մեջ կարող է լինել նաև Հովիկ Աբրահամյանը, բայց խաղն այնպես է ընթանում, որ այժմ նա ստիպված է բավարարվել շատ ավելի քիչ բաներով, քան կարող էր իրեն թույլ տալ նախկինում:

– Վարչապետը նշանակվելուց անմիջապես հետո հայտարարեց, որ 2018թ. կցանկանար պահպանել վարչապետի պաշտոնը: Այս դասավորությամբ և նոր Սահմանադրության պայմաններում կարծո՞ւմ եք արդյոք, որ Հովիկ Աբրահամյանը նման շանսեր ունի կամ վարչապետի պաշտոնը կունենա այն նույն ուժը, եթե օրինակ՝ Արմեն Աշոտյանի հնարավոր ԱԺ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանը կարողանա այնտեղ այնպիսի ուժեղ ԱԺ ունենալ իր տրամադրության և ենթակայության տակ, որ վարչապետին շարունակի ենթարկեցնել ընդհանուր խաղի պատկերացումներին, որ ուրվագծվել է ի սկզբանե, երբ նախաձեռնվում էր սահմանադրական այսպիսի փաստաթուղթ:

– Կարծում եմ՝ մենք տակավին չենք պատկերացնում, թե ինչ է լինելու խաղի նոր կանոնների շրջանակներում: Մենք անգամ այս պահին, երբ նույնիսկ նոր իշխանությունն է ուրվագծվում նոր խաղի կանոնների համար, դեռևս դատում ենք հին իրողությունների շրջանակներում: Անկեղծ ասած, Ա. Աշոտյանը, երբ վերջերս ֆեյսբուքյան մի գրառում կատարեց խորհրդարանը կարոտելու մասին, իմ արձագանքը չուշացավ: Ինձ համար տեսանելի էր Ա. Աշոտյանի տեղափոխումը ԱԺ, ընդհուպ մինչև ԱԺ նախագահի աստիճան: Ինչ վերաբերում է վարչապետի աթոռին, թերևս սա մի հարց է, որտեղ հարցականներն ավելի շատ են: Տակավին պետք չէ բացառել, որ Սերժ Սարգսյանն ինքը կվերադառնա վարչապետի աթոռին: Այստեղ խնդիրը հետևյալն է, որին Հովիկ Աբրահամյանը կարող է համաձայնել կամ չհամաձայնել, բայց դրանից շատ բան կախված չէ, ավելի ճիշտ նրա չհամաձայնելը շատ բան չի փոխի: Այս դեպքում խոսքը վերաբերում է մինչև 2017թ. նույն կառավարության կազմում լինելուն կամ այլ աշխատանքի անցնելուն:

– Այսինքն՝ կարծում եք, որ այս կառավարությունը կարող է չապրե՞լ մինչև 2017թ.:

– Ընդհուպ մեկ տարի առաջ ես ասել եմ, որ ընտրությունների նախաշեմին ՀՀԿ-ն ստիպված է լինելու փնտրել նոր դեմքի, ով առաջնորդելու է…

– Այնպես, ինչպես ՀՀԿ-ում դժգոհում էին ՀՅԴ հետ այս կոալիցիայից մինչև ընտրությունները, նրանք ասում էին, որ եկեք սպասենք ընտրություններին, 2017-ից հետո տեսնենք Դաշնակցությունը որքան ձայն կկարողանա ապահովել:

– Մենք պետք է նատի ունենանք, որ ինչպես Արմեն Ռուսատմյանը խոստովանեց, իշխանությունը նաև հեղինակության բարձրացման հարց պետք է լուծի, իհարկե ՀՅԴ-ն փորձում է ներկայացնել, թե ինքն է բարձրացնում իշխանության հեղինակությունը, բայց դա թողնենք մի կողմ, համենայնդեպս դա ինչպես է տեղի ունենում: Մենք ունենք 2008թ. և 2012թ., Ս. Սարգսյանը 2007-ին նշանակվել էր վարչապետ: Ցանկացած պարագայում խորհրդարանական ընտրություններում ցուցակը ղեկավարում է այն անձը, որը պատրաստվում է դառնալ հաջորդ նախագահը, իսկ խորհրդարանական կառավարման դեպքում՝ բնականաբար հաջորդ վարչապետը: Այս պարագայում, իհարկե, ունենք փակ վիճակ՝ այն տեսակետից, որ Սերժ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ ցուցակը, որովհետև նա դեռևս լինելու է ՀՀ նախագահը: Քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, նաև պատվաբեր չի լինի իր համար, որ եթե անգամ չունենար այդ խնդիրը, ինքը գլխավորեր ցուցակը, հետևաբար մնում է մեկ տարբերակ, որ հույսեր առաջացնելու և հասարակության մեջ նախընտրական մթնոլորտում ինչ-որ բեկում առաջացնելու համար ՀՀԿ-ն ստիպված էր լինելու կառավարությունը փոխել հենց նախընտրական շրջանում, որովհետև Սերժ Սարգսյանն, ինչպես ասացինք, չի գլխավորի և նպատակահարմար էլ չէ, որ գլխավորի ցուցակը: Դա չի կարող լինել նաև Հովիկ Աբրահամյանը, որովհետև նա նույնպես հին և անհաջողություն արձանագրած կառավարության ղեկավար է, հետևաբար պետք է լինի մեկը, ով այդպիսի հույսեր կներշնչի: Կարող ենք խոսել մի քանի զարգացման մասին, այստեղ այնուամենայնիվ խոսել այն մասին, թե Սերժ Սարգսյանն իսպառ ԲՀԿ-ին կհանի քաղաքական դաշտից՝ չենք կարող:

– Այսինքն՝ Հովիկ Աբրահամյանին կուղարկի՞ ԲՀԿ:

– Այո, ինչ-որ սահմանափակ էլեկտորատի տրամադրություններ վերահսկելու առումով, ինչը կարող է նաև որոշակի ներկայություն բերել:

– Որպես բուֆեր, որպես երկրորդ քաղաքական ուժ:

– Այո: Եվ ինչու Դաշնակցության հետ տեղի ունեցավ, որովհետև 2013-ին այդ ընդդիմադիր կամ ոչ իշխանական խնդիրները շատ ավելի թանկ էին իշխանության համար, ընդհուպ մինչև կառավարության ղեկավարի պաշտոնի զիջումը, հետևաբար ավելի ճիշտ է այդ գործարքը կատարել ընտրություններից մեկ տարի առաջ, վճարել ավելի քիչ, և չդիմակայել այդ նույն ռիսկերին:

– Որքանո՞վ եք հավանական համարում մամուլում շրջանառվող այն տեղեկությունը, որ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն կարող են դաշինք կազմել և միասին մասնակցել ընտրություններին:

– Ո՛չ կարող եմ բացառել, ո՛չ կարող եմ հաստատել: Քաղաքագիտորեն պետք է բացառել, բայց Հայաստանի իրականության պարագայում չպետք է բացառել, որովհետև վաղուց մեզ մոտ արդեն բոլոր բացառություններն օրինաչափություններ են:

– Իսկ այն առումով, որ մարզպետները, որ նշանակվում են, նախարարական այն պորտֆելները, որոնք ըստ ամենայնի տրվում են Դաշնակցությանը, որքանո՞վ են կապված նաև ընտրություններում Դաշնակցության ձայներ ապահովելու հետ:

– Ըստ էության դրանց քանակից էլ է երևալու, թե Դաշնակցությունը ինչպիսի ներկայացվածության կարող է հավակնել խորհրդարանում:

– Այսօր տեղի ունեցավ ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, բոլորը սպասում էին, որ պետք է վերջակետ դրվի, բայց հնարավոր չի եղել մինչև վերջ համաձայնության հասնել: Խնդիրն արդյո՞ք ՀՀԿ-ՀՅԴ տիրույթում է, թե՞ ավելի շատ Հանրապետական կուսակցության ներսում հնարավոր չի եղել հասնել վերջնական համաձայնության:

– Ինչպես Շարմազանովը նշեց, Սերժ Սարգսյանը ներկայացրել է Հրանտ Մարգարյանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները: Բնականաբար, եթե դրանք միանշանակ ընդունված լինեին իշխող կուսակցության կողմից, ապա դրա մասին միարժեք կներկայացվեր: Խնդիրը ոչ այնքան ազգանունների, որքան ոլորտների և պարշտոնների, պորտֆելների հարց է: Մենք կարող ենք վստահաբար ասել, որ դիմադրողը եղել է վարչապետական թևը: Բայց այստեղ մյուս շերտն է երևում. տեղի ունեցողը կարող է նյարդայնացնել կառավարությանը և Հովիկ Աբրահամյանի թևին, բայց, իհարկե, հնարավորությունները շատ մեծ չեն…

– Նա պետք է բավարարվի այս իրավիճակով և այն որոշումներին պիտի ենթարկվի, որ Սերժ Սարգսյանը միանձնյա կարող է կայացնել այլ կուսակցության առաջնորդի հետ հանդիպումից հետո:

– Այո: Եվ այսօր մենք կարող ենք ասել, որ նա կամ այդ ամեն ինչը ընդունելու որոշում պետք է կայացնի՝ հասկանալով թե ինչ է սպասվում…

– Որովհետև փողոցում աջակցություն չունի՝ ի դեմս ԲՀԿ-ի, որ նախկինում ուներ, և ներսում գնալով ավելի զուսպ են դառնում իր դիրքերը և հնարավորությունները:

– Այո: Սերժ Սարգսյանը իշխանական ներխմբային բախումները մեկ անգամ լուծեց, երբ փողոցից կար հզոր ճնշում, և այժմ նա էլի ներխմբային վերադասավորությունների խնդիր է լուծում, բայց արդեն…

– Բայց նյարդային պայքար է սկսվում, մենք չենք կարող մոռանալ նաև 2011թ. Հ. Աբրահամյանի պաշտոնանկությունը, երբ նրան ԱԺ պաշտոնից դուրս դրեցին, և նա ընդամենը ֆորմալ ներկայություն էր ապահովում:

– ՀՀԿ-ն ըստ էության հետաձգել է, ժամանակ է տվել ևս մեկ անգամ կողմնորոշվելու Հովիկ Աբրահամյանին: Նա ունի վերելքների և վայրէջքների փորձառություն:

– Եվ եթե հաշվի առնենք, որ Ս. Սարգսյանը ոչինչ չի մոռանում, հակառակը՝ անվտանգությունում աշխատանքի բերումով նաև շատ լավ գիտի դոսիեները և ՀՅԴ-ի հետ կապված, նաև Հովիկ Աբրահամյանի ծավալած գործունեության հետ  կապված, ուստի այդ բոլորը նա շատ լավ հաշվարկել և նոր դասավորության է գնում:

– Ամբողջ հարցն այն է, որ որքան էլ Հովիկ Աբրահամյանին ժամանակ է տրված կամ ներքին տարաձայնությունները հարթելու համար ժամանակ է հատկացված, միևնույն է, ոչ արտաքին խաղացողները կան, որոնց հետ կարող է խնդիրներ լինել, այժմ արտաքին ճնշում չկա, պառակտված ընդդիմություն…

– Այսինքն՝ խաղն ամբողջությամբ Ս. Սարգսյանի տիրապետության տակ է, և որևէ որոշում չի պատրաստվում ենթարկել արտաքին կենտրոններից որևէ մեկի քմահաճույքին:

– Կարծեք թե արտաքին դաշտում էլ ունի այն, ինչ ուներ:

– Մանավանդ Հ. Աբրահամյանի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելուց հետո արևմտյան դիվանագետները խոսում են Հայաստանում կոռուպցիայի անասելի ծավալների մասին: Եվ գուցե Հ. Աբրահամյանի պաշտոնանկությունը առաջին ողջունողները լինեն հենց արևմտյան դիվանագետները:

– Իհարկե, երկրի դեմ արված հայտարարությունները նաև ինչ-որ չափով Ս. Սարգսյանի դեմ են, բայց համենայնդեպս նախագահները միշտ կարողացել են քավության նոխազ ընտրել, և տվյալ պարագայում ամենահարմար թեկնածուն վարչապետն է: Այժմ մենք ունենք ԵՄ-Հայաստան վերսկսված, տեղում դոփող բանակցություններ: Պատահականություն չէր, որ հենց այս կառավարության գնահատականն արդեն տրվեց միջազգային կառույցների կողմից, առաջին գնահատականները տվեցինք նաև մենք: Մեր ինստիտուտը հրապարակեց մի քանի զեկույցներ խոսքի ազատության վիճակի և մարդու իրավունքների հետ կապված: Այդ ամենին լրացնելու եկան նաև արտաքին գնահատականները, որոնք մի բանի մասին են խոսում. Հայաստանում կառավարության փոփոխության հարցը կարծեք թե հասունացած է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում