Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և ՀՅԴ-ն նախնական համաձայնություն ունեն ապագայում կառավարման համակարգում միասնաբար հանդես գալու հարցում: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Նիստի ընթացքում մենք հիմնականում անդրադարձել ենք ՀՅԴ-ի հետ համագործակցության ձևաչափին: Պետք է ասեմ, որ մենք ունենք նախնական համաձայնություն՝ ապագայու մ Հայաստանի կառավարման համակարգում միասնական աշխատելու հարցում: Իսկ վերջնական համաձայնության մասին դուք կիմանաք մինչև շաբաթվա վերջ»,- ընդգծել է Շարմազանովը:
Հարցին՝ ի՞նչ պաշտոններ է ստանալու ՀՅԴ-ն, Շարմազանովը կրկնեց, որ համաձայնությունը նախնական է, ուստի այս պահին չի կարող այլ մանրամասներ հրապարակել:«Նախնական բառը նշանակում է, որ դեռ վերջնական համաձայնություն չկա, ուստի, եթե անգամ ես տեղեկություններ ունեմ, չեմ կարող դրանք հրապարակել: Շաբաթվա վերջում դուք ամեն ինչ կիմանաք»,- ընդգծեց նա: