Հայտնի է, որ «Ալաշկերտ»-ի հետ հունվարի վերջին օրերին պայմանագիր ստորագրած և թիմի հետ արտասահմանյան հավաքի մեկնած Արթուր Եդիգարյանն Անթալիայում մեկ խաղակես հանդես եկավ նույն վայրում հավաք անցկացնող Կարագանդայի «Շախտյոր»-ի կազմում, տեղեկացնում է ակումբի մամլո քարտուղարությունը:
«Այդ կապակցությամբ ցանկանում ենք մանրամասնել հետևյալը. «Շախտյոր» ակումբի ղեկավարությունը դիմել էր «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանին, որպեսզի Արթուր Եդիգարյանը փորձաշրջան անցնի իրենց թիմում: Խորհրդակցելով «Ալաշկերտ» ակումբի ղեկավարության հետ, հայկական կողմը չէր մերժել այդ խնդրանքը:
Ապա նաև թույլ էր տվել, որպեսզի մեր ֆուտբոլիստը 45 րոպե մասնակցի «Շախտյոր»-ի ստուգողական խաղին: Հարկ ենք համարում ընդգծել, որ «Ալաշկերտ» ակումբի քաղաքականությունն այս հարցում միանշանակ է. ընդառաջել ֆուտբոլիստին կարիերայի լավագույն շարունակության առաջարկի դեպքում:
Տեղափոխությունը ղազախական թիմ չկայացավ: Հնարավոր է, Արթուրը դեռևս լավագույն մարզավիճակ ձեռք չի բերել: Ինչևէ, նա երկամյա պայմանագիր ունի «Ալաշկերտ»-ի հետ, մարզվում է մեր թիմի ճամբարում և կարիերան կշարունակի ”Ալաշկերտ»-ում»,- գրված է ակումբի ֆեյսբուքյան էջում: