Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Մոսկովսկի Կոմսոմոլեց» թերթին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Մոսկվային զարմացրել է սիրիական ողջ պատմությունում Անկարային Գերմանիայի անխոս աջակցությունը։
Լավրովն ընդգծել է, որ իրենց էլ ավելի է զարմացրել այն, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիա կատարած այցի ժամանակ Ռուսաստանն անվանել է Սիրիայում տեղի ունեցածի գլխավոր մեղավոր, որ ռուսական ավիացիայի հարվածների պատճառով մեծանում է փախստականների ալիքը։
Լավրովը հայտարարել է, որ չնայած ակնհայտ փաստերին՝ հրապարակավ որևէ խոսք չի ասվել այն մասին, որ Սիրիայում գործող ահաբեկիչները սնվում են թուրքական սահմանով իրականացվող երկկողմանի մաքսանենգությունից (նավթ և զինյալներ)։