Ռուսաստանի Դաշնության Պետդումայում Կոմունիստական կուսակցության խմբակցության պատգամավորներ Վալերի Ռաշկինն ու Սերգեյ Օբուխովը նամակ են հղել Ռուսաստանի նախագահին ու արտգործնախարարին:
Ինչպես հայտնում է «Իզվեստիա»-ն, նամակով նրանք առաջարկում են չեղարկել Մոսկվայի 1921-ի մարտի 16-ի ռուս-թուրքական բարեկամության ու եղբայրության մասին պայմանագիրը։
Իրենց նամակում նման քայլը պատգամավորները հիմնավորել են Թուրքիայի ագրեսիվ պահվածքով։
Ռուսաստանյան ԶԼՄ-ների տրամադրության տակ հայտնված նամակում հիմնավորումների շարքում նշված է նաև, որ «Վրաստանը և Հայաստանը չեն ճանաչում պայմանագրի պայմանները՝ դա անարդարացի համարելով»:
Աղբյուրը հիշեցնում է, որ Հայաստանը չի ընդունում Մոսկվայի ու Կարսի պայմանագրերը, որով բոլշևիկյան Ռուսաստանը Թուրքիային հանձնեց Կարսի նահանգը, Սուրմալուն՝ Արարատ լեռով հանդերձ: Պատգամավորներն էլ նշում են, որ Հայաստանն այդ նախաձեռնության մեջ իրենց կաջակցի։
Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան, պատմաբան Էդիկ Մինասյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ բոլշևիկյան Ռուսաստանի կնքած պայմանագիրը մեզ համար բավականին մեծ կորուստ էր՝ կորցրինք մեր պատմական հայրենիքի մի վիթխարի տարածք, հետևաբար հիմա պետք է աջակցենք, որպեսզի այդ պայմանագիրն իսկապես չեղարկվի:
Պատմաբանը միևնույն ժամանակ պատգամավորների այս առաջարկությունը կապում է ռուս-թուրքական լարված հարաբերությունների հետ և չի բացառում, որ քաղաքական հարաբերությունների վերադասավորման դեպքում կարող են հետ կանգնել իրենց առաջարկությունից:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չմեկնաբանեց, թե արդյոք Հայաստանը պե՞տք է որևէ դիրքորոշում հայտնի այս հարցում: