Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները ներկայումս վերջին մի քանի տասնամյակում վատագույն վիճակում են, Ռուսաստանը ցավում է, սակայն մեղավոր չէ դրա համար՝ լրագրողներին հայտարարել է Ռուսատսանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
«Հարաբերությունները ներկայումս վերջին մի քանի տասնամյակում վատագույն վիճակում են։ Եվ մենք շատ ենք ցավում այդ առնչությամբ, սակայն միաժամանակ փաստում ենք, որ Ռուսաստանը չէ այդ վիճակի մեղավորը»,- ասել է Պեսկովը։
Նա ընդգծել է, որ «Թուրքիան ագրեսիվ դավաճանական գործողություններ է իրականցրել Ռուսաստանի նկատմամբ»։
«Թուրքիան նախկինի պես պատշաճ որակավորում չի տվել այդ գործողություններին և համապատասխան ներողություն չի խնդրել, այդ իսկ պատճառով վաղ է խոսել հարաբերությունների նորմալացման ինչ-որ հնարավոր ուղիների մասին»,- նշել է պետության ղեկավարի մամլո քարտուղարը։
Մեկնաբանելով Թուրքիայի նախագահի հայտարարությունն այն մասին, թե Ռուսաստանը, իբր, օկուպացնում է Սիրիայի մի մասը, Պեսկովը նշել է, որ իրավական և միջազգային իրավունքի տեսանկյունից նման հաստատումները սխալ են։ Նրա խոսքով՝ ռուսական ավիացիան Սիրիայի տարածքում է գտնվում լեգիտիմ ղեկավարության հրավերով, համապատասխանաբար, որևէ օկուպացման մասին խոսք լինել չի կարող ո՛չ դե յուրե, ո՛չ դե ֆակտո։