Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վերջին ամիսներին բանակի և քուրդ ակտիվիստների միջև բախումների հետևանքով Թուրքիայի հարավ-արևելքում մոտ 200.000 մարդ հարկադրաբար լքել է իր տունը։ Այդ մասին հայտնել է «Գոչ դեր» բարեգործական հիմնադրամի ղեկավար Յըլմազ Կանը։
Նա ընդգծել է, որ միայն Շըրնաք նահանգի Ջիզրեի շրջանից փախել է մոտ 100.000 մարդ, իսկ Դիարբեքիրի Սուր շրջանից՝ մոտ 35.000 մարդ։ Նրա խոսքով՝ փախստականների մեծ մասը մնացել են հարևան քաղաքներում իրենց ծանոթների ու ազգականների մոտ:
«Քրդերն ավանդաբար օգնում են միմյանց, ինչի համար էլ չկան փախստականների ճամբարներ։ Մի շարք բնակարաններում ապրում է 20, 30 և անգամ 40 մարդ։ Փախստականներին չի բավականացնում բուժօգնությունը, երեխաներն ու ուսանողները չեն հաճախում ուսման, զգացվում է սննդամթերքի պակաս։
Իրավիճակը դեռ վերահսկողության տակ է, սակայն եթե հակամարտությունն աճի, ապա մարդիկ կփախչեն դեպի Թուրքիայի արևմուտք կամ էլ անգամ Եվրոպա»,- ասել է նա։