Ստոկհոլմի ոստիկանությունը ձերբակալել է 14 մարդու՝ Նյունեսհամ քաղաքում փախստականների ապաստարաններից մեկի վրա հարձակում նախապատրաստելու կասկածանքով։ Այն գտնվում է Ստոկհոլմից 50 կմ հեռու։ Այս մասին հայտնում է Sveriges radio-ն։
Ձերբակալությունը տեղի են ունեցել այն բանից հետո, երբ ոստիկանությունում հաղորդագրություն է ստացվել փախստականների վրա նախապատրաստվող հարձակման մասին։ Այդ իսկ պատճառով էլ ենթադրյալ անկարգությունների շրջանում նրանք սկսել էին ավտոմեքենաների ստուգումը։
«Ստուգման համար կանգնեցված մեքենաներում հայտնաբերվել են երկաթե ձողեր, կացիններ, դանակներ»,-ասել է Ստոկհոլմի ոստիկանության ներկայացուցիչ Լարս Ալվարշյոն։
«Հիմք ունենք ենթադրելու, որ գործը վերաբերում է ատելության շարժառիթի հետ կապված հանցագործությանը, ինչն ավելի լուրջ է դարձնում իրավիճակը»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը։
Aftonbladet պարբերականի տվյալներով՝ ձերբակալվածները 20-35 տարեկան են, նրանց թվում կան Շվեդիայում աշխատող Լեհաստանի քաղաքացիներ։